Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ»

Image «Մահվան տեսիլ» պոեմում Չարենցը պատկերել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ուղին: Պոեմը գրվել է 1933 թ. և ներառված է « Գիրք ճանապարհի » ժողովածուում: Իր բնույթով պոեմը խորհրդածական երկ է:

Պոեմի սկզբում պարզ է դառնում, որ Չարենցը իրեն ուղեկից է ընտրում Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանթեին.

«Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,

Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը»:

Ինչպես Վերգիլիուսը Դանթեին օգնում է դուրս գալ դժոխքից, այդպես էլ պոեմում Չարենցին ուղեկցում է Դանթեն: Նրանք միասին նստում են «Մտածումի նավը» և նավարկում «Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալով դեպի ներկան, որի ընթացքում հեղինակը  մեկ անգամ ևս վերանայում է հայոց պատմությունը: Պոեմում ընդգրկված է 19-րդ դարը և 20-րդ դարի սկիզբը: Այստեղ իրար են հաջորդում պատմական դեպքեր, կերտված են ազգային գործիչների կերպարներ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքի փրկությանը: Սակայն այս ամենը ներկայացվում է այլաբանորեն՝ առանց անվանելու տվյալ գործչի անունը կամ տվյալ պատմական իրադարձություն: Պոեմն ունի բնաբան, որը Չարենցը վերցրել է Սիամանթոյի « Մահվան տեսիլ» բանաստեղծությունից՝ « Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ»:

Բանաստեղծը և իր ուղեկիցը ձեռք ձեռքի բռնած մտնում են դժոխային մի անտառ, որտեղից լսվում է հառաչ, հեկեկանք, իսկ վերից «գունատ մի մահիկ» մահ ու սարսափ է տարածում իր լույսով: Այդ մահիկը խորհրդանշում է Օսմանյան պետության զինանշանը:

Անտառից նրանց ընդառաջ է գալիս «մի այր գլխաբաց», որը նման է մուրացիկի, սակայն վարդապետ է: Սպիտակ մորուքը հասնում է մինչև սրունքները՝ ծածկելով մերկությունը: Նա դիմում է «Վարպետին»՝ Դանթեին, ասելով, որ ապրել է նրա հայրենիքում, ստեղծագործել է այնտեղ, կղզում ապաստան է գտել, երգել է հայոց փառքը, սակայն իր սիրտը չի բուժվել հայրենյաց ցավից: Այս ծերուկը Ղևոնդ Ալիշանն է, որը ապրել և ստեղծագործել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնված Մխիթարյան Միաբանությունում:

Նրանք շարունակում են մութ անտառով իրենց ճանապարհը, որտեղ լիքն են հառաչի և լացի ձայները: Հեռվում երևում է մոխրացած մի խարույկ, իսկ ծառերի ետևից նրանց դեմ է ելնում մի մարդ՝ «Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ»: Նրա աչքերից շանթեր են թափվում, իսկ ձեռքին բռնել է մի գիրք: Նա պատմում է իր վառած խարույկի մասին, որից կայծեր են ցրվել աշխարհում, իսկ հիմա մարել է այդ խարույկը: Եվ նորից սկսում է փչել, որ բորբոքի խարույկը: Խոսքը մեծանուն վիպասան Րաֆֆու մասին է, որը գրել է «Կայծեր» վեպը ՝ հուսալով ազատագրական խարույկի մասին:

Պոեմում կերպավորվել են նաև Ռափայել Պատկանյանը՝ «Մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ»:

Շարունակելով ճանապարհը՝  նրանք տեսնում են մի բլուր, որի գլխին վառվում էր հսկա խարույկ:  Խոսքը Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին է: Հետագա դրվագներում խոսվում է այս կուսակցության հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի, Ս. Զավարյանի մասին:

Պոեմում նրանց մոտենում է մի թափոր, որի միջից առանձնանում է մի մարդ՝ վիթխարի հասակով, գունատ, հսկա ճակատով, նման քահանայի, որը ինչ-որ աղոթք էր երգում, իսկ ձեռքին ուներ թիթեղյա մի գանձարան, որի վրա գրված էր. «Քաղաքական անոթ»: Չարենցը այստեղ ակնարկում է Ստեփանոս Նազարյանցին: Այս թափորի միջից առանձնանում էր մի պատանի, «որ ուներ իսկական սրինգ», և այդ սրինգով նա վշտի ու սիրո տաղեր էր նվագում՝ «Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի»: Այդ դալկահար պատանին Պետրոս Դուրյանն էր:

Դուրյանին հաջորդում է Մկրտիչ Պեշիկթաշլյանը:

Հետո գալիս է մի դիակառք որի վրա նստած էր մի գաճաճ մարդ. «Իր խրոխտ արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած»: Ձեռքին ուներ մի վիթխարի թերթ: Այդ մարդը «Մշակ» լրագրի հիմնադիր Գրիգոր Արծրունին էր:

Նրանցից հետո երևում է «Սևասքեմ այրերի մի խումբ», որին առաջնորդում էր մոտ 60 տարեկան, փարթամ մորուքով վարդապետ.

«Նա կրծքին կրում էր աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,

Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.

Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,

Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ»:

Այս ծերունին Մկրտիչ Խրիմյանն էր (Հայրիկ): Չարենցը այս հատվածում ակնարկում է Բեռլինի վեհաժողովը, որտեղ մի շարք պետությունների անկախությունը վավերացվեց, իսկ հայկական հարցը տեղափոխվեց 61-րդ կետ և մնաց անորոշ:

Հաջորդ հատվածում Չարենցը ակնարկում է առաջին համաշխարհային պատերազմը՝ «Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի » :

Պոեմում այլաբանորեն է ներկայացված նաև Ավետիս Ահարոնյանի կերպարը, նրա երգած երգի բառերը՝ «Հըդահյուն», որը հայ հեղափոխական դաշնակցության անվանումն էր: Այլաբանական մեկանաբանություն է ստացել նաև Բանկ Օտտոմանի գրավումը և Խանասորի դեպքը, որոնց մասին Չարենցը ակնարկում է «Խան-Բան-Օտ» կապակցությամբ: Խանասորի դեպքը տեղի է ունեցել 1897 թ.,  որը կազմակերպել էին հայդուկները: Իսկ Բանկ Օտտոմանի գրավումը կատարվել է 1896 թ. օգոստոսին: Այն կազմակերպել էին դաշնակցական մի խումբ գործիչներ, որը բողոք էր Աբդուլ Համիդի բռնակալության դեմ: Վերջինս պոեմում ներկայացված է՝ «Գազան արքա, հրեշ արքա»:

Պոեմում տեսնում ենք նաև Սիամանթոյի և Վարուժանի այլաբանական կերպարները: Նրանք արևմտահայ պոեզիայի ներկայացուցիչներն էին, որոնք դարձան Մեծ եղեռնի զոհեր: Շատ բնութագրական են Սիամանթոյին նվիրված տողերը.

«Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,

Եվ լու՜յս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր… »:

Իրեն բնորոշ հանճարով է ներկայացրել Չարենցը Վարուժանին.

«Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,

Իր գյուղի արևի մասին, որ մորթել էին ցերեկով…

Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,

Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար, —

Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,

Եվ մոմե շրթերով քերթողի-սկսում էր նա նզովք կարդալ»:

Պոեմն ավարտվում է Հոկտեմբերյան հեղափոխության և Վ.Ի. Լենինի այլաբանական կերպարով: Չարենցը հույս էր կապում այդ հեղափոխության հետ, Լենինի գաղափարների հետ, որ պիտի լուծվեր հայկական հարցը, և իր հայրենիքը պիտի ի վերջո ստանար իր բաժին ազատությունը: Դա է պատճառը, որ Չարենցը պոեմն ավարտում է հետևյալ տողերով.

«Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,

Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար,-

Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի երգիչ,-

Այդ լապտերը, օ՜վ Առաջնորդ, կփրկե աշխարհը արար… » :

1 thoughts on “Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ»

  1. Уведомление: Չարենցյան օրեր | Սոֆյա Այվազյան

Оставьте комментарий